Հայրապետական մաղթանք` Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձի առիթով
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 55-ամյա տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, բարձաստիճան եկեղեցականներ, Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր թեմերից ժամանած եւ վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռի պաշտոնեությունը եւ բարեպաշտ հավատացյալներ:
Հանդիսավոր թափորի ուղեկցությամբ, Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Նորին Սրբությունը Վեհարանից ուղղեց դեպի տաճար, ուր Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանքի կարգը:
Մինչ արարողությունը Հայոց Եկեղեցու ողջ հոգեւոր դասի եւ Մայր Աթոռի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղեց Մայր Աթոռի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Գերաշնորհ Սրբազանն անդրադարձավ Վեհափառ Հոր գործունեությանը` ընդգծելով նրա մեծագույն ավանդը հոգեւոր դասի երիտասարդ սերնդի պատրաստման, ինչպես նաեւ ժողովրդի քրիստոնեական դաստիարակության գործում: «Վեհափառ Տե°ր, այսօր Ձեր ծննդյան տարեդարձն է, եւ մենք բոլորս հավաքվել ենք այս սուրբ խորանի` աստվածային տեսլեան այս փառավոր կենտրոնի առջեւ` աստվածային սիրո Էջքի վայրում: Եվ այստեղ, որպես 132-րդ Հայրապետի, Ձեր շուրջը հավաքված ասում ենք. «Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն»: Այս հոգեւորականները` քահանաները, եւ այս ժողովուրդը` զգեցած արդարության սուրբ խորհուրդը, հավաքվել են, որպեսզի Դուք նմանվեք այն քահանայապետին, որ Մելքիսեդեկ կոչվեց, եւ աղոթում են առ Բարձրյալն Աստված, որ շարունակեք ցուպը ձեռքին առաջնորդել մեր ժողովրդին»,- ասաց Սրբազան Հայրն իր խոսքում` շնորհազարդ Հայրապետին մաղթելով արգասավոր գահակալության երկար քաջառողջ տարիներ, անսպառ ուժ եւ կորով` ի բարօրություն հավատավոր հայ ժողովրդի եւ ի պայծառություն Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու:
Հոգեպարար աղոթքի վերջում Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց, որ կյանքի 55-րդ տարեդարձին շրջապատված է տեսնում իրեն հոգեւոր դասով, Մայր Աթոռի պաշտոնեությամբ եւ հավատացյալ բարեպաշտ ժողովրդի բազմությամբ եւ իր գնահատանքն ուղղեց նրանց` իրենց անձնվեր ծառայությամբ ու աշխատանքով եւ աղոթական կյանքով Հայաստանյայց Եկեղեցու առաջընթացին ու բարգավաճմանը նպաստելու համար: Նորին Սրբությունն իր խոսքում նաեւ մաղթեց. «Մենք, Իջման Սուրբ Սեղանի առջեւ կանգնած, աղոթք ենք բարձրացնում առ Աստված` մաղթելով, որ Տերը խաղաղության, առաջընթացի եւ բարօրության մեջ պահի հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ ազգս հայոց, որպեսզի աստվածփառաբանությամբ ապրեն իրենց կյանքի օրերը եւ ապրեն աղոթքով` ստեղծագործելով, կերտելով ու բարեկարգեյով, ինչպես հայրենական մեր կյանքը, այնպես էլ իրենց անձնական կյանքը»:
Արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, թափորի ուղեկցությամբ վերադարձավ Վեհարան, ուր ընդունեց Մայր Աթոռի միաբանությանը: